ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Դեմիրճյանին նաև այսպես են հիշում

Դեմիրճյանին նաև  այսպես են հիշում
15.05.2012 | 00:00

Դերենիկ Դեմիրճյանի մասին ժամանակակիցների հետաքրքիր հիշողությունները բազմաթիվ են: Դրանցից շատերը գրի են առնված և տպագրված թե՛ մամուլում, թե՛ գրողի 120-ամյակի առթիվ 1997-ին լույս տեսած «Ժամանակակիցները Դերենիկ Դեմիրճյանի մասին» գրքում: Եվ, այնուամենայնիվ, այսօր էլ ի հայտ են գալիս նոր պատմություններ կամ ճշգրտվում հայտնի պատմություններին առնչվող նոր մանրամասներ, որոնք գրի են առնվում և պահպանվում Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի աշխատա-կիցների կողմից` հարստացնելով դասականի նկարագիրն ամփոփող հուշապատում-գանձարանը:

Այդպիսի երկու հուշ-պատառիկ մեզ «նվիրեց» արտակարգ և լիազոր դեսպան, քաղաքական մեկնաբան, հրապարակախոս ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ, ով իր մանկությունն ապրել է Դերենիկ Դեմիրճյանի հարևանությամբ` Աբովյան փողոցի թիվ 29 շենքում: Նրանց բնակարանը գտնվել է ներկայում Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի մաս կազմող թիվ 28 շինության տարածքում, ուր այսօր գործում է «Ագուլիս» տիկնիկային թատրոնը:

Հուշերը, որ պատմեց մեզ պարոն Նավասարդյանը, ինչ-ինչ բացթողումներով կամ անճշտություններով գրառված և հրապարակված են վաղուց, բայց այժմ մենք ներկայացնում ենք դրանք` առանց խեղաթյուրելու ականատեսի և մասնակցի խոսքը:

Եվ այսպես, 1940-ականներին, երբ Արման Նավասարդյանը 9-10 տարեկան երեխա էր, Դերենիկ Դեմիրճյանի տանն ապրում էին մի քանի տասնյակ կատուներ` վայելելով տան անդամների մեծ հոգատարությունն ու սերը: Դրանք «պատրիկներն» էին, և լավ կերակրվում էին ու խնամվում: Մի քանի տասնյակն էլ ապրում էին բակում, դրանք «պլեբեյներն» էին և նույնպես արժանանում էին որոշակի ուշադրության ու խնամքի Դեմիրճյանի ընտանիքի անդամների կողմից, թեև, իհարկե, իրենց բաժին ընկած բախտով ու կարգավիճակով զգալիորեն զիջում էին տնաբնակ ցեղակիցներին: Վերջիններից մեկը` Նորան, շատ ագրեսիվ էր: (Մենք կարծում ենք, որ խոսքը «Էլեոնորա» անունով կատվի մասին է, որի հետ 1953 թվականին լուսանկարվել է Դերենիկ Դեմիրճյանը: Այդ իսկ պատճառով հրապարակում ենք տուն-թանգարանի ֆոնդում պահպանվող լուսանկարը): Մի օր այդ կատուն փախչում է տնից և Արման Նավասարդյանենց բաց պատուհանից ներխուժելով բնակարան` խցկվում մահճակալի տակ: Կատվի հետևից իսկույն հարևանի տուն են շտապում Դերենիկ Դեմիրճյանի ավագ քույրը` Վարսենիկը, որ այդ տարիներին ու հետագայում էլ ապրում էր Դեմիրճյանի տանը, և կինը` Մարիա Իվանովան: Արմանը, դժվարությամբ մտնելով մահճակալի տակ, ճանկռոտելով ձեռքերը, դուրս է բերում Նորային ու հանձնում անհանգստացած կանանց: Քիչ անց Արմանենց տուն է գալիս անձամբ Դեմիրճյանն ու հարցնում. «Արմա՛ն, դո՞ւ ես հանել Նորային մահճակալի տակից»: Ստանալով դրական պատասխան` փոքրիկ տղային է մեկնում մի մեծ, պատկերազարդ շագանակագույն կազմով գիրք` 1944 թվականին լույս տեսած «Արջուկ-լրջուկ» հեքիաթը` հետևյալ մակագրությամբ. «Կենդանիների պաշտպան բարի Արմանին, որ փրկեց մեր փիսիկի կյանքը. Դերենիկ Դեմիրճյան»: Թե՛ դեմիրճյանցիներս, թե՛ Արման Նավասարդյանը ցավում ենք, որ այդ գիրքը չի պահպանվել: Այն կարող էր դառնալ գրողի հիշատակը կենդանացնող արժեքավոր մասունքներից մեկը: Ինչևէ:

Մյուս պատմությունը ևս վկայությունն է Դեմիրճյանի բացառիկ կենդանասիրության: Մի օր` 50-ականներին, Աբովյան-29 շենքի բակ է գալիս ավանակի մեջքին խուրջինով գազար և այլ բնամթերք բարձած մի գյուղացի: Նա իր հետ բերել էր նաև կճուճի մեջ լցված ինչ-որ բան, հավանաբար մածուն, որ պետք է հասցներ մեկ այլ հասցեատիրոջ, և ավանակը թողնելով Դեմիրճյանենց բակում` կճուճը տանում է համապատասխան մարդուն տալու: Երեխաները, լինելով քաղաքաբնակ, արտասովոր ոգևորությամբ են շրջապատում ավանակին. քաշքշում են պոչից, բարձրանում մեջքին, քշում այս ու այն կողմ... Մի խոսքով, տանջում են խեղճ կենդանուն այնքան, որ Դեմիրճյանի համբերությունը հատնում է: Նա դուրս է գալիս տնից, իր հանդարտ, ծերունական քայլքով մոտենում երեխաներին, սաստում, բացատրում, որ չի կարելի չարչարել, նեղացնել կենդանիներին, ապա մի մեծ ֆրանսիական բուլկի է մեկնում նրանց` մեջը հաստ շերտով կարագ և կանաչի` ապսպրելով կերակրել ավանակին: Ինչպես խոստովանում է Արման Նավասարդյանը, իրենք մի կողմից կերակրում էին կենդանուն, մյուս կողմից էլ պոկոտում էին ախորժելի կարագահացն ու իրենք ուտում: Որոշ ժամանակ անց, իհարկե, վերադառնում է ավանակի տերն ու փրկում կենդանուն երեխաների «ուշադրության դրսևորումներից»:

Անցել են տասնամյակներ, բայց ուշագրավ այդ դիպվածների տպավորությունը դեռ այսօր էլ թարմ է ականատեսի հիշողություններում ու, կարծում ենք, չափազանց հետաքրքիր նաև այսօրվա մարդու համար:

Մեծերի վարքն ու կենցաղը բազմաշերտ ու բազմաբնույթ մի հուշադարան է, որ հազիվ թե երբևէ սպառի իրեն, ու չգտնվեն դրանում նոր, ուսանելի, զվարճալի մանրամասներ:

Մենք հայտնում ենք մեր երախտագիտությունը Արման Նավասարդյանին` մեզ ևս երկու հիշողությամբ հարստացնելու համար և ակնկալում լսել նոր պատմություններ Դերենիկ Դեմիրճյանին ճանաչած, նրա հետ շփված մարդկանցից:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ

Դիտվել է՝ 12106

Մեկնաբանություններ